Նախատեսվում է ստեղծել ՓԲԸ ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով: Այդ մասին Կառավարության օգոստոսի 1-ի նիստին որոշման նախագիծը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Էներգետիկ ոլորտի՝ մինչև 2024 թվականի մեր ռազմավարության մեջ ունենք, որ գործող ատոմակայանի հարթակում՝ հարակից տարածքում, գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո այդ փուլում ունենանք նոր, առնվազն նույն հզորության նոր էներգաբլոկ, որը կշարունակի նոր ատոմակայանի նման աշխատել, և ահա այս գործընթացը կազմակերպելու համար և գործընթացն ավելի կազմակերպված, ինստիտուցիոնալ ու համակարգված իրականացնելու համար առաջարկում ենք ստեղծել այս կազմակերպությունը:
Այս կազմակերպությունն առաջարկվում է ստեղծել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից առկա ուղեցույցի հիման վրա: Այսպիսի ուղեցույց կա, և երկրների մեծ մասն այս ուղղությամբ շարժվում են: Սկզբնական փուլում ստեղծում են այսպիսի ընկերություն, որն էլ ամբողջ գործընթացը շարունակում է»,- ասաց նա:
Ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեից, ՓԲԸ-ն կլինի ՏԿԵ նախարարության համակարգման ներքո: Նոր կադրերի համալրումից, նրանց մասնագիտական զարգացումից հետո այս կառույցի գործընկերները Կառավարությանը եզրակացություն կտան, թե ինչպես շարժվել առաջ հզորության, մեթոդների, շինարարությունը սկսելու փուլերի, դրա կառավարման և մնացած առումներով:
«Կառավարության որոշումից հետո այս կազմակերպությունը պետք է դառնա այն կառույցը, որը կիրականացնի ամբողջ շինարարության պրոցեսը՝ որպես իրականացնող պատվիրատու, որից հետո էլ այս կազմակերպությունը նոր ատոմային էներգաբլոկի նոր շահագործողը կլինի»,- ասաց Սանոսյանը: