Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ կալանավորված անձը տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ՝ ընտանիքի հետ տեսակցությունները հնարավոր դարձնելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:
«Կալանավորված անձի փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը` իր վստահորդին կալանքի կրումը շարունակելու նպատակով այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում:
Ըստ փաստաբանի՝ մեղադրյալի ընտանիքը, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները, բնակվում են մարզում: Հետևաբար, հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը, ընտանիքի բնակության վայրի և քրեակատարողական հիմնարկի հեռավորությունը, առկա են էական դժվարություններ վստահորդի և նրա անչափահաս երեխաների տեսակցությունները կազմակերպելու հարցում:
Հաշվի առնելով նշված հանգամանքները, ինչպես նաև երեխայի լավագույն շահի սկզբունքը, Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի լուծման առաջարկով դիմել է պետական իրավասու մարմիններին։ Իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում փաստաբանի կողմից բարձրացված հարցը ստացել է լուծում․ կալանավորված անձը տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ»,- նշվում է հաղորդագրության մեջ։