Հավանաբար ՀԱՄԱՍ-ի ժամանակավոր ղեկավար կնշանակվի Խալեդ Մաշաալը, որը ներկայումս արտերկրում պաղեստինյան արմատական շարժման առաջնորդներից է, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան աղբյուրները:
Տեղեկության համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն ակտիվորեն քննարկում է շարժման քաղբյուրոյի սպանված ղեկավար Իսմայիլ Հանիեի իրավահաջորդի հարցը, և Մաշաալը նշվում է որպես ամենահավանական թեկնածու։
Մաշաալը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2025 թվականին նշանակված խմբավորման առաջնորդի ընտրությունը: Նա ՀԱՄԱՍ-ն արդեն ղեկավարել է 1996-2017 թվականներին:
Հանիեն սպանվել է չորեքշաբթի՝ վաղ առավոտյան՝ Թեհրանում, որտեղ նրան հրավիրել էին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Հարձակման պահին Հանիեն Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական հյուրերի նստավայրում է եղել։
Ըստ ՀԱՄԱՍ-ի` հարձակման համար պատասխանատու է Իսրայելը: