ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Եվրոպայի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացներին:
Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման աշխատանքները: «Վաշինգտոնը հստակ հայտարարել է՝ այն սահմանը, որը կհամաձայնեցվի սահմանազատման ավարտից հետո, պետք է վերջնական լինի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
«Վճռականորեն աջակցում ենք խաղաղության հասնելու՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի ջանքերին։ Ռուսաստանը ցանկանում է, որ դա տեղի ունենա իր պայմաններով, սակայն կողմերը փոքր-ինչ հիասթափված են նրա ներգրավվածությունից։ Մենք ջանքեր ենք գործադրում, որ հնարավոր համաձայնագիրն արտացոլի երկու երկրների խաղաղության ձգտումները։ Նաև Կենտրոնական Ասիայի երկրներն աներևակայելի հարուստ են, և գլոբալ շուկաներ ելքի նրանց միակ ուղին ներկայումս Ռուսաստանը կամ Չինաստանն են: Եթե կարողանանք Հայաստանով կամ Ադրբեջանով անցնող ճանապարհ բացել, նրանք հասանելիություն կստանան համաշխարհային շուկաներ և շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը 2020 թ.-ից առաջ և դրանից հետո եղել է Հայաստանի անվտանգության երաշխավորը, սակայն ձախողել է: Դա, ըստ Օ՛Բրայենի, Հայաստանի հանրության շրջանում առաջացրել է Ռուսաստանից հեռանալու ցանկություն: «Այժմ մոտենում է Հայաստանի գլխավոր օդանավակայանից ռուս սահմանապահների հեռանալու վերջնաժամկետը, և Ռուսաստանի քայլերը ցույց կտան, թե Մոսկվան որքանով է հարգում Հայաստանի ինքնիշխան ցանկությունները»,- հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան:
Նա նաև հայտարարել է, որ պետքարտուղարությունը հարթակ է ստեղծել, որը կօգնի նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ «Էներգետիկ և տնտեսական ոլորտներում Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ Մենք պետք է աջակցենք նրանց դիվերսիֆիկացմանը, հնարավորություն տանք կյանքի կոչել այն համարձակ քայլերը, որոնք առաջնորդում է վարչապետ Փաշինյանը»,- հավելել է Ջեյմս Օ'Բրայենը։
Պաշտոնյան հավելել է՝ «Հայաստանի հարցը մի թեմա է, որին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում»: