Հուլիսի 30-ին Լոռու մարզ այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, Լոռու մարզային վարչությունում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, քաղաքացիների բարձրացրած հարցերը վերաբերում էին ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման, ապօրինի ծառահատման և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերին։
Քաղաքացիները հարցեր են ուղղել նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ Պարեկային ծառայության գործառույթների վերաբերյալ։ Դրանք վերաբերում էին կոնկրետ քաղաքներում և ճանապարհներին երթևեկության կանոնների խախտումներին, ինչպես նաև բակերում պարեկների կողմից առավել ակտիվ ծառայության իրականացման հարցերին։
Հնչել են նաև ՆԳ նախարարության իրավասության շրջանակից դուրս հարցեր, որոնք ուղղորդվել են ըստ ենթակայության։
Բարձրացված բոլոր հարցերը քննարկման առարկա են դարձել. տրվել են հստակ պատասխաններ ու պարզաբանումներ:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Լոռու մարզային վարչության ղեկավար կազմին հանձնարարել է ուսումնասիրել վեր հանված խնդիրները, պատշաճ լուծում տալ հարցերին։
Քաղաքացիների հետ հանդիպումները շարունակական են լինելու: