Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը գրել է, որ Երևանում երեք վրաերթ է տեղի ունեցել մեկ օրում. քրեական վարույթներ են նախաձեռնվել:
«Հուլիսի 31-ին՝ առավոտյան, ժամը 08․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի կամրջի վրա Երևանի բնակչի կողմից վարած «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 76-ամյա հետիոտն Երևան քաղաքի բնակիչ։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նույն օրը՝ ժամը 09․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, որի հետևանքով Երևան քաղաքի 16-ամյա բնակիչը ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն։
Պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Գազ 32212» մակնիշի ավտոմեքենայով, իսկ տուժող անչափահասը եղել է ինքնագլորով։
Նույն օրը՝ ժամը 11․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում Երևան քաղաքի բնակչի վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել հետիոտն, 30 տարեկան Երևանի բնակիչ, որը վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
Երեք դեպքերի առթիվ էլ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Վնասվածքներ ստացած անձինք տուժող են ճանաչվել։ Ըստ բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ անչափահասի վիճակը բավարար է, կոտրվածքներ չունի, իսկ մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- գրել է Աբրահամյանը։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: