Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:50-ի սահմաններում, 27-ամյա անձի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատարը Երևան քաղաքի Աճառյան փողոցում, կանգառի մոտ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։
Վրաերթի հետևանքով Երևան քաղաքի բնակիչներ 75-ամյա և 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։
«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասի հատկանիշներով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա բեռնատարի 27-ամյա վարորդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 1 մլն դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի հետ։
Նախաքննությունը շարունակվում է։
Բուժկենտրոնում գտնվող 48-ամյա տուժողի վիճակը բավարար է»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: