Ռուսաստանի սահմանապահները հեռացել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ օդային անցակետի սահմանային հսկողությունը օգոստոսի 1-ից ամբողջությամբ հայկական կողմի վերահսկողությանն անցնելու մասին Հայաստանի դիմումի համաձայն:
Պահպանությունը հայկական կողմին հանձնելու արձանագրությունն այսօր ստորագրել են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Ռոման Գոլուբիցկին։
Մեր երկրում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը Ռուսաստանի սահմանապահների հրաժեշտի արարողության ժամանակ նշել է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ անցակետում գրեթե 60 տարի հերթապահություն են իրականացրել սկզբում խորհրդային, ապա ռուս և հայ սահմանապահները: Ամփոփվել են նաև պետական սահմանի ռեժիմի պահպանման հարցերի լուծման ուղղությամբ 1992 թվականից առ այսօր իրականացված աշխատանքները: Ըստ այդ արձանագրության՝ «Հայկական կողմը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին «Զվարթնոց» օդային անցակետում սահմանային հսկողություն ապահովելու երկարաժամկետ համատեղ ծառայության համար և նշում, որ ռուսական կողմի նկատմամբ որևէ պահանջ չունի»: