2024 թ․ հուլիսի 31-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Սայասաթ Նուրբեկի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
«Հանդիպմանը նախարար Ս․Նուրբեկը հանգամանալից ներկայացրել է Ղազախստանի գիտության և բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որոնք միտված են նաև մարզային պետական բուհերի՝ կրթության միջազգային չափանիշներին համապատասխանող հետազոտական կենտրոնների փոխակերպմանը։ Դեսպան Ա․Ղևոնդյանը տեղեկացվել է նաև Ղազախստանում արտասահմանյան համալսարանների մասնաճյուղերի հիմնադրման գործընթացում կիրառվող պետական աջակցության գործիքակազմի մասին և Ղազախստանը՝ որպես տարածաշրջանային կրթական հանգույց դերակատարությամբ օժտելու ծրագրերի վերաբերյալ։
Հայ-ղազախստանյան ոլորտային համագործակցության առաջմղման համատեքստում դիտարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտական ուղղություններով համատեղ կիրառական հետազոտություններին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել միջբուհական, այդ թվում՝ նաև հայոց լեզվի, պատմության և մշակույթի հանրահռչակմանը միտված փոխգործակցության հարցերին։
Կայացած քննարկումների արդյունքներով համաձայնեցվել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված հետագա քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ։