ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է արդյունավետ համագործակցությունը ՀՀ այլ իրավապահ մարմինների հետ։
Օրերս ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կատարված վերլուծությունների արդյունքում զննման է ենթարկել «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանին: Արդյունքումч առաքանիում անձնական օգտագործման իրերից բացի հայտնաբերվել են MENTOS տեսակի մաստակի տուփեր, որոնց մեջ եղել է «B 8» գրառմամբ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 886 հաբ։
Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ու Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
ՀՀ ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների և ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով «Հայփոստ» ՓԲ ընկերության անվտանգության աշխատակիցների հետ, պարզել են ծանրոցի հասցեատիրոջ ինքնությունը, ինչպես նաև այն փոստային բաժանմունքը, որտեղից վերջինս պետք է ստանար առաքանին։ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ առաքանին «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքից ստանալուց հետո ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների կողմից ձերբակալվել և ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել քաղաքացի Ա․Վ․-ն և վերջինիս որդին՝ Ն․Վ․-ն։
Ձերբակալված անձինք ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացիները ձերբակալվել, այնուհետև դատարանի որոշման հիման վրա կալանավորվել են։
Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով, և համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ: Արդյունքում՝ քաղաքացի Ն․Վ․-ի բնակության վայրից հայտնաբերվել են նաև մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և սվին դանակներ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։