Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների, բայց բացառապես միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդականը: Միխայլո Պոդոլյակը հավելել է, որ Կիևի համար առաջնահերթություն են երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նա համոզմունք է հայտնել՝ Մոսկվային բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար նաև հարկավոր է, որ Ուկրաինան ուժեղ լինի մարտի դաշտում և կարողանա խաղաղություն պարտադրել Ռուսաստանին:
Մոսկվան ևս պարբերաբար հայտարարում է բանակցությունների անհրաժեշտության մասին: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը ռազմական գործողությունների դադարեցման նոր պայմաններ էր առաջ քաշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից: Նաև, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության մտադրությունից, հայտարարի չեզոք, ոչ միջուկային կարգավիճակի մասին, ապառազմականացվի և ապազգայնականացվի, Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն էլ պետք է վերացվեն, Ղրիմը և Սևաստոպոլը ճանաչվեն Ռուսաստանի մաս: Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները Մոսկվայի պահանջները որակել են որպես անիրատեսական վերջնագիր:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: