Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Մակրոնը շնորհավորել է Փեզեշքիանին ընտրությունում հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա նախագահության օրոք Ֆրանսիայի, եվրոպական մյուս երկրների և Իրանի հարաբերություններն ավելի կզարգանան:
Փեզեշքիանն էլ ընդգծել է փոխվստահության հիման վրա Փարիզի հետ շփումները զարգացնելու Թեհրանի պատրաստակամությունը:
Նախագահները քննարկել են նաև հակաիրանական պատժամիջոցների չեղարկմանն ուղղված բանակցությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, Մերձավոր Արևելքի հետ կապված հարցեր:
Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ Փեզեշքիանը մտահոգություն է հայտնել Իսրայել-Լիբանան սահմանին լարվածության աճի հետ կապված: «Եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա, դա մեծ սխալ կլինի, որը հետևանքներ կունենա»,- նախազգուշացրել է նա:
Իրանի նորընտիր նախագահը նաև վստահեցրել է, որ Թեհրանը ջանքեր չի խնայի Գազայի ճգնաժամը կարգավորելու համար, հույս հայտնել, որ մյուս երկրները նույնպես կկատարեն պաղեստինցիների հանդեպ իրենց պարտավորությունները: