Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Մասուդ Փեզեշքիանն իր ելույթում խոստացել է կատարել ստանձնած բոլոր պարտականությունները, պաշտպանել իրանցիների իրավունքները, երկրի սահմանները և քաղաքական, տնտեսական ու մշակութային անկախությունը: Նա հայտարարել է, որ Իրանի և աշխարհի համար նոր հնարավորություններ են բացվել:
«Թեհրանը պետք է հաղթահարի դժվարությունները և կայուն զարգացման ուղիներ բացի, աշխարհն էլ պետք է օգտվի այս բացառիկ հնարավորությունից՝ Իրանի օգնությամբ լուծելու տարածաշրջանային և համաշխարհային խնդիրները»,- ասել է Փեզեշքիանը:
Իրանի նորընտիր նախագահը հավելել է, որ իր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է լինելու հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը և ամրապնդումը:
«Մեր հարևանները չպետք է ծախսեն իրենց արժեքավոր ռեսուրսները լարվածության և մրցակցության վրա»,- շեշտել է Փեզեշքիանը: Նա նաև ընդգծել է, որ արտաքին դերակատարները գործ չունեն տարածաշրջանում կարգավորման և խաղաղության գործընթացների հետ: