ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որը վերջերս տարածաշրջանում էր, շարունակում են ակտիվ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում առաջընթացի ուղղությամբ:
«Սակայն որևէ ժամկետ նշել չենք կարող», - հավելել է պաշտոնյան: Լրագրողներից մեկը հարց է հնչեցրել հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջիկա հանդիպման մասին: «Նախապես ոչինչ ասել չենք կարող։ Կրկնեմ՝ դա այն է, ինչի վրա կենտրոնացած է պետքարտուղարը: Շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել», - ասել է Պատելը: