ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցությունն է անցկացրել։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նախարարը հանձնարարել է Տեսչական մարմինների հետ համագործակցությամբ պարբերաբար այցերի միջոցով հետևել տեխզննման կայանների և գազաբալոնային համակարգերի վկայագրման գործընթացին, միջոցներ ձեռնարկել չարաշահումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտների գործունեության լիցենզիաներն օրենքով սահմանված կարգով դադարեցնելու ուղղությամբ։
Նախարարը հանձնարարել է կրկին Տեսչական մարմնի հետ համագործակցությամբ ուսումնասիրել և արձանագրել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վրա ապօրինի տեղադրված գովազդային վահանակները, և քննարկել ճանապարհը սպասարկող ընկերությունների հետ համագործակցությամբ դրանք ապամոնտաժելու հնարավորությունը։
Քննարկվել են ավագանիների վերապատրաստման գործընթացի հետ կապված հարցեր։
Քննարկվել է նախարարության ընթացիկ կատարողականը։ Նախարար Սանոսյանը հանձնարարել է հետևել ծրագրերի իրականացման ժամկետներին և ապահովել համապատասխան կատարողական։
Քննարկվել են ընթացիկ աշխատանքային այլ հարցեր։
Նախարարը տվել է մի շարք նոր հանձնարարականներ։