Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ, Ծառայության ստորաբաժանումների ներկայացուցիչների ուղեկցությամբ կազմակերպվել է այց ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Այցի հիմնական նպատակն էր ներկա լինել «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության շրջանակներում հիմնարկում կազմակերպվելիք միջոցառմանը, որի հյուրերն էին Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը և Գրքափոխանակության բաժնի վարիչ Մայա Հայրապետյանը:
Հիմնարկի գրադարանում շրջայց կատարելուց հետո հյուրերը Ազգային գրադարանի անունից հիմնարկի գրադարանին նվիրաբերել են 70 միավոր գիրք, ևս 50 միավոր գիրք նվիրել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանի անունից:
Հանդիպում է կազմակերպվել նաև հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների հետ, որոնց ներկայացվել են Ազգային գրադարանի կայքը, ռեսուրսները, շտեմարանները և, առհասարակ, Ազգային գրադարանի դերն ու նշանակությունը հայ ընթերցողի կյանքում:
Ազատազրկված անձանց հետ երկխոսության ընթացքում վերջինները ցանկություն են հայտնել հիմնարկի գրադարանը համալրված տեսնել նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով:
Ազգային գրադարանի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ գործակցության շրջանակներում կստեղծվի հնարավորություն՝ նվիրաբերելու հայ և արտասահմանյան նոր ու բազմաժանր գրքեր: