Ս. թ. հուլիսի 26-ին Աբովյան համայնքում տեղի է ունեցել Աբովյան համայնքի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում հիմնված ուսուցողական խաղահրապարակի հանդիսավոր բացման արարողությունը: Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Խաղահրապարակը, որը հիմնվել է մասնակցային բյուջետավորման նախաձեռնության արդյունքում, ֆինանսավորվել է Աբովյանի համայնքապետարանի կողմից և համաֆինանսավորվել Գերմանական միջազգային
համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ցուցաբերած
ֆինանսական աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության
արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Լուկաս Ռոզենկրանցը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, Աբովյան
համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանը և այլ ներկայացուցիչներ:
Խաղահրապարակը ծառայում է որպես ինտերակտիվ ուսուցողական տարածք երեխաների համար՝ ծանոթանալու ճանապարհային երթևեկության կանոններին՝ տեղադրված ճանապարհային նշանների, անցումների, խաչմերուկների ու
փոքրիկ մեքենաների միջոցով:
Հյուրերին ողջունել են մանկապարտեզի սաները և ուսուցողական խաղահրապարակում ցուցադրեցին ստացած գիտելիքներն ու հմտությունները ճանապարհատրանսպորտային կանոնների վերաբերյալ։
2023 թվականից ի վեր ծրագիրն իր աջակցությունն է տրամադրում ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորման ներդրմանը: Աբովյան համայնքը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված «Մասնակցային բյուջետավորման ներդրում տեղական մակարդակում» նախաձեռնության պիլոտային համայնքներից է, որի շրջանակներում էլ իրականացվել է նախագիծը:
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ցուցաբերած աջակցության շնորհիվ` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: