Սեն գետը դեռ բավականաչափ մաքուր չէ լողի մրցումների համար՝ հայտարարել են օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և Եռամարտի համաշխարհային ֆեդերացիան: Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանությունները ստիպված են եղել չեղարկել կիրակի նախատեսված եռամարտի մարզումները։
Ուրբաթ հրապարակված փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ գետի ջրի որակը մի փոքր ցածր է լողալու համար անհրաժեշտ չափանիշներից: Սենում ջրի որակը վատացել է նախորդ երկու օրերի առատ տեղումների պատճառով։ Հաշվի առնելով եղանակի կանխատեսումը՝ օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահություն են հայտնել, որ հուլիսի 30-ին և 31-ին նախատեսված մրցումների մեկնարկին ջրի որակը կբարելավվի մինչև անհրաժեշտ մակարդակը:
Սենում լողալն արգելված է ավելի քան մեկ դար։ 2015 թվականից կազմակերպիչները ներդրել են շուրջ 1,5 միլիարդ եվրո՝ Սենն օլիմպիական խաղերին նախապատրաստելու և խաղերից հետո փարիզեցիներին ավելի մաքուր գետ ապահովելու համար։