Որևէ պատճառ չկա Վրաստանի և ԱՄՆ հարաբերությունները վատթարացնելու համար. հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ լրատվամիջոցների հետ զրույցում:
Ըստ քաղաքապետի՝ չկան օրինակներ, երբ Վրաստանի իշխանությունը ձեռնարկել է հակաարևմտյան, հակաեվրոպական կամ հակաժողովրդավարական քայլ:
««Ռուսական օրենք» գոյություն չունի, դա սուտ է: Այդ «ռուսական օրենքը», ինչպես դուք եք կոչում, ոչ մի նմանություն չունի Ռուսաստանի օրենսդրության հետ: Դա Վրաստանի օրենք է, որը պահանջում է թափանցիկություն»,- ասել է նա՝ նկատի ունենալով վերջերս ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը:
Կալաձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: «Վրաստանի կառավարությունն այն է անում, ինչն անհրաժեշտ է մեր երկրին, իր շահերին, այս երկրի ապագայի համար, և մենք ոչ ոքի հնարավորություն չենք տա օգտագործել մեր երկրի շահերը իր երկրի շահերն առաջ մղելու համար՝ տեսնելու այն աղետի կրկնությունը, որը տեղի է ունենում Ուկրաինայում»,- ասել է Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետը նշել է, որ երկրում պահպանվում է խաղաղություն, իսկ քաղաքական գործիչների օգնությամբ հասած արդյունքները կբերեն նրան, որ Վրաստանը կդառնա ԵՄ անդամ:
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան