Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմաշա Հայաշին տեղեկացրել է, որ խորհրդարանի պատգամավոր Մունեո Սուձուկիի այցը ՌԴ եղել է անօրինական:
Սուձուկին այցելել է Մոսկվա՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում առևտրային կապերի բարելավման թեմայով հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Այդ լուրից քիչ անց Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմաշա Հայաշին տեղեկացրել է, որ պատգամավորի այցն անօրինական է: Ավելին` նա ճապոնացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց: Պաշտոնյան նաև ավելացրել է, որ Ճապոնիան շարունակում է աջակցել Ուկրաինային՝ հայտնել են ճապոնական լրատվամիջոցները:
Սուձուկիի հետ հանդիպան ժամանակ Մոսկվան նշել է, որ Ճապոնական կողմի դիրքորոշումը խնդիր է, և առայժմ նրանք պատրաստ չեն բանակցություններ վարել: «Ես եկել եմ Ռուսաստան, որովհետև հասկացել եմ այս պահի քննարկման կարևորությունը»,- նշել է պատգամավորը՝ բացատրելով իր այցը:
«Դժբախտաբար, Ճապոնիայի կառավարությունը համերաշխ է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական երկրների հետ, և դա չի կարող չազդել երկկողմ հարաբերությունների վրա»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
2022 թվականից մինչև հիմա Մունեո Սուձուկին մեկ անգամ արդեն այցելել է Մոսկվա, ինչի պատճառով արժանացել է Ճապոնիայի կառավարության քննադատությանը:
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան