Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Տիտովի պաշտոնանկության պատճառը հրամանագրում չի նշվում։ ԱԳՆ-ը որոշումը դեռ չի մեկնաբանել։ Տիտովի մասին հայտնի է, որ 2013 թվականից ղեկավարում է եվրոպական երկրների հետ հարաբերությունները։ Նախկինում աշխատել է Շվեդիայում և Բուլղարիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում։
«Կոմերսանտը», վկայակոչելով ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրները, գրում է, որ Տիտովը կարող է զբաղեցնել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Այդ պաշտոնում ներկայումս Գենադի Գատիլովն է։
Տիտովի պաշտոնանկությունից հետո ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը կարող է ստանձնել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ նշել են «Կոմերսանտի» զրուցակիցները։