Տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով Հողային, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքերի մի շարք հոդվածների պահանջները, պարտավոր լինելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, ինչպես նաև խախտելով հողերի և ընդերքի օգտագործման և պահպանության կանոններ սահմանող այլ իրավական ակտերի դրույթները, 2021 թվականի ընթացքում Արմավիր մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և ընդերքի օգտագործումն իրականացրել է հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու, օգտագործելու, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ՝ շրջակա միջավայրին և ընդերքին անզգուշությամբ պատճառելով էական վնաս: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«Պետությանը պատճառված վնասի չափը, ընկերության գործունեությամբ հողային ռեսուրսների վրա ազդեցությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն, որի եզրակացությամբ պարզվել է ՍՊ ընկերության կողմից ինչպես օրինական, այնպես էլ՝ ընդերքի օգտագործման և պահպանման կանոնների խախտմամբ ավազակոպճային զանգվածի արդյունահանման ծավալները:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թ․-ից վերոհիշյալ ՍՊ ընկերության սեփականատերն իրականացրել է լեռնային զանգվածի արդյունահանում ինչպես ընդերքօգտագործման թույլտվության սահմաններում, այնպես էլ՝ հարակից տարածքից:
Բացի այդ պարզվել է նաև, որ ընկերության կողմից ընդերքօգտագործման թույլտվության սահմաններում գտնվող հողատարածքներից արդյունահանումն իրականացվել է առանց հողատարածքների նպատակային փոփոխության, որի հետևանքով հողային ռեսուրսներին պատճառվել է վնաս:
Ընկերության կողմից, պատճառված վնասից, նախաքննության ընթացքում, կատարվել է 25.000.000 ՀՀ դրամի չափով վերականգնում:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ վնասի մնացած մասը վերականգնելու և ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: