Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե նահանգում իշխող կուսակցության մասնաճյուղի նիստին: Էրդողանը մատնանշել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները, սակայն, ըստ նրա, եթե դրանք զգալի լինեին, ապա Իսրայելը «չէր անի Պաղեստինի հետ այն, ինչ արել է»:
«Մենք պետք է ուժեղ լինենք: Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, այդպես էլ կվարվենք նրանց հետ (Իսրայելի-խմբ.): Չկա այնպիսի բան, որը մենք չենք կարող անել»,- ընդգծել է Էրդողանը:
Իսրայելն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կրկնել Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնի ճակատագիրը։ «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում, և դա ինչպես ավարտվեց»,- գրել է Կացը X-ում: Նա գրառմանը կցել է երկու լուսանկար՝ մեկում Էրդողանն է՝ Պաղեստինի և Թուրքիայի դրոշների գույներով շարֆով, մյուսում՝ Սադամ Հուսեյնը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: