Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին այսօր առավոտյան պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին երկրի նախագահի պաշտոնում։ Այդ մասին
հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ արարողության սկզբում Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ներկայացրել է արտահերթ ընտրության անցկացման վերաբերյալ պաշտոնական զեկույց և շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին և գերատեսչության աշխատակիցներին դրա հաջող անցկացման համար:
Այնուհետև այաթոլլա Խամենեին կարդացել է հրամանագիրը, որի համաձայն՝ Փեշքեզիանը պաշտոնապես հայտարարվել է Իրանի Իսամական Հանրապետության 9-րդ նախագահ:
Հրամանագրում այաթոլլա Խամենեին ասել է, որ նախագահական ընտրությունների ճակատագրական թեստը ավարտվել է հանգիստ՝ դժվարին պայմաններում ու շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին ու պաշտոնյաներին գործադրած ջանքերի համար, և որ անձը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պատրաստ է ստանձնել մեծ պատասխանատվություն:
Նա հաջողություն է մաղթել Իրանի նորընտիր նախագահին իր առաքելության մեջ:
Իրանի նախագահն իր ելույթում ասել է, որ նոր կառավարությունը պետք է հետևի Իրանի Իսլամական Հեղափոխության առաջնորդի տեսլականին ու ընդհանուր քաղաքականությանը:
Արարողության ավարտին այաթոլլա Խամենեին իր ելույթում խորհուրդ է տվել նորընտիր կառավարությանը ջանասիրաբար աշխատել՝ հանուն Իրանի ժողովրդի շահերի ամրապնդման:
Նա հորդորել է Իրանի կառավարությանը ուշադրություն դարձնել երկրի սոցիալ-մշակութային խնդիրներին, բայց առաջնային ուշադրությունը հատկացնել տնտեսությանը ու կարճ ժամանակում բարելավել իրանցիների կենսապայմանները:
«Արտաքին քաղաքականությունում մեր առաջնահերթություններից մեկը մեր հարևաններն են: Մենք մեր շուրջ ունենք 14 հարևան: Շփումը երկրների հետ, որոնք կարող են ընդլայնել մեր դիվանագիտական դաշտը, ինչպիսիք են աֆրիկյան և ասիական երկրները, շատ կարևոր է:
Հաղորդակցությունն այն երկրների հետ, որոնք համագործակցում են մեզ հետ և աջակցում են մեզ, կարևոր է, և սա է մեր առաջնահերթ քաղաքականությունը»,- ասել է այաթոլլա Խամենեին։
Մասուդ Փեզեշքիանի երդման արարողությունը կանցկացվի հուլիսի 30-ին Իրանի մեջլիսում:
Հիշեցնենք՝ մայիսի 19-ին ավիաաղետի հետևանքով զոհվել էր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին, որից հետո երկրում անցկացվեց արտահերթ ընտրություն՝ երկու փուլով:
Երկրորդ փուլում Փեզեշքիանը հաղթանակ տարավ իր մրցակից Սայիդ Ջալիլիի նկատմամբ: