Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով:
Միջոցառման նպատակն էր բարելավել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։
Մասնակցել է Շիրակի մարզից 25 կին:
Իր ելույթում Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների համար առկա մարտահրավերներին, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման բնագավառում առկա խնդիրներին։
«Առաջնորդության գաղափարը տիտղոսներ ունենալու ու հերոսի կերպար ձևավորելու մեջ չէ; այն կենսակերպ է, որի առանցքը մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելն է:
Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան տղամարդկանցը։ Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։
Միևնույն ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար՝ երբեք չընկճվեք այս բոլոր մարտահրավերներից:
Մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք` մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում:
Ավելին, կենսափորձիս հետևանքով համոզվել եմ, որ անախորժությունների դեմ պայքարելու փոխարեն դրանք պարզապես պետք է ընդունել որպես հնարավորություն, և «փոքր» գործերի միջոցով փորձել մարդկանց կյանքում իրական փոփոխություններ մտցնել:
Ամենակարևոր գաղափարներից մեկը, որ սովորել եմ կյանքում, այն է, որ պետք չէ կառչել արդյունքներից, այլ անհրաժեշտ է վայելել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը:
Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուրն իր համար պետք է գտնի կյանքի այնպիսի բանաձև, որն իրեն իրապես ներդաշնակ կդարձնի»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում:
Քննարկումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ: