ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 24-ին մասնակցել է «Sevan Agritech Summit»-ին, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Գևորգ Մանթաշյանն իր ելույթում կարևորել է միջոցառման անցկացումը և նշել, որ կներդրվեն անհրաժեշտ բոլոր ռեսուրսները Հայաստանի գյուղատնտեսության թվային փոխակերպման և գյուղատնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառման գործում լավ արդյունքների հասնելու համար:
Նախարարի առաջին տեղակալն իր խոսքում կարևորել է ագրո արտադրությունում բարձր տեխնոլոգիաների կիրառումը՝ արտադրողականության և ազգային մրցունակության բարձրացման համատեքստում, ինչպես նաև ընդգծել շարունակական կրթության միջոցով բիզնեսում նոր տեխնոլոգիաներ կիրառելու անհրաժեշտության մասին:
Գևորգ Մանթաշյանը մասնակցել է նաև միջոցառման շրջանակներում կազմակերպված «Ագրիթեքի ռազմավարական դերն ու նշանակությունը. Մարտահրավերներն ու զարգացման տեսլականը Հայաստանում» թեմայով պանելային քննարկմանը:
«Sevan Agritech Summit»-ն այս տարի իրականացվում է առաջին անգամ և նպատակ ունի նպաստելու ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատարների փոխգործակցության, ներկայացնելու միջազգային լավագույն փորձն ու խթանելու թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:
«Sevan Agritech Summit»-ի առանցքում են հետևյալ թեմաները՝ թվային լուծումների և առաջատար թվային տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ, առաջատար ագրոկենսատեխնոլոգիաների և երկրատարածական տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության զարգացման նպատակով: