Ամերիկան և Իսրայելը կարող են ստեղծել «Աբրահամի դաշինք»՝ Մերձավոր Արևելքի անվտանգության միություն ՆԱՏՕ-ի նմանությամբ, որպեսզի դիմակայեն «Իրանի աճող սպառնալիքին»: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ։
Նեթանյահուն ներկայացրել է Մերձավոր Արևելքի ապագայի իր տեսլականը, որը, նրա խոսքով, մասամբ ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
«Այդ պատերազմից հետո Ամերիկան Եվրոպայում ստեղծեց անվտանգության միություն՝ խորհրդային աճող սպառնալիքին դիմակայելու համար: Նմանապես, Ամերիկան և Իսրայելն այսօր կարող են ստեղծել անվտանգության միություն Մերձավոր Արևելքում՝ իրանական աճող սպառնալիքին դիմակայելու համար: Բոլոր այն երկրները, որոնք խաղաղ են Իսրայելի հետ, և նրանք, որոնք խաղաղություն կկնքեն Իսրայելի հետ, պետք է հրավիրվեն միանալու այդ միությանը»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Նրա հայտարարությանն անդրադարձել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ պետք է նախ հասկանալ «Նեթանյահուի նման դատողությունների մանրամասները՝ ինչ-որ բան եզրակացնելուց առաջ»։