Ռուսաստանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը ձերբակալվել է կոռուպցիայի գործով, նա գտնվում է մեկուսարանում՝ հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից։
Նշվում է, որ իրականացվում են քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ Բուլգակովի հակաիրավական գործունեությանը նպաստող պատճառներն ու պայմանները պարզելու համար:
Բուլգակովը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2008-2022 թվականներին։ Այդ պաշտոնում նա վերահսկել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման հարցերը: 2016 թ․նրան շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում: