ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և իր կինը՝ Միշել Օբաման, զանգահարել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին և աջակցություն հայտնել նոյեմբերին կայանալիք նախագահի ընտրությանը նրա թեկնածության առաջադրմանը: Այդ մասին Հարիսը հայտնել է X-ի միկրոբլոգում՝ հրապարակմանը կցելով Օբամաների հետ հեռախոսազրույցի տեսանյութը:
Բարաք Օբաման, դիմելով փոխնախագահին, ասել է՝ հպարտ են, որ նրա կողքին են, և անում են հնարավորը, որ Հարիսը հաղթի: Հարիսն էլ արձագանքել է՝ Օբամաների աջակցությունը մեծ նշանակություն ունի իր համար:
Հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս ընտրապայքարից և աջակցություն հայտնել Հարիսի թեկնածությանը։ Այդ հայտարարությունից ժամեր անց փոխնախագահին աջակցություն են հայտնել նաև մի շարք ազդեցիկ դեմոկրատներ, այդ թվում՝ Բիլ և Հիլարի Քլինթոնները, Կալիֆոռնիայի նահանգապետը, ԱՄՆ տրանսպորտի նախարարը: