ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել հատուկ ուղերձով: Նա նշել է նախագահական մրցապայքարից դուրս գալու պատճառները, մոտակա փոփոխությունները և խոստացել է շարունակել պայքարը ՌԴ-ի դեմ:
Ելույթում Բայդենը հայտարարել է, որ արժանի է նախագահական պաշտոնին, սակայն պատրաստ է լքել հանուն ժողովրդավարության և տալ հնարավորություն նոր սերնդին:
Նախագահը կոչ է արել ժողովրդին՝ քվեարկել Քամալա Հարիսի օգտին և խոստացել, որ կաջակցի Ուկրաինային մինչև պաշտոնը լքելը: «Մեր հանրապետությունը հիմա ձեր ձեռքերում է»,- ասել է նա ընտրողներին: ԱՄՆ նախագահը շեշտել է՝ «Այսօր Ամերիկան կանգնած է առաջընթացի և հետընթացի, սիրո և ատելության, միասնականության և պառակտման միջև ընտրություն կատարելու առջև»:
«Մենք շարունակում ենք ՆԱՏՕ-ի ամրապնդումը, որպեսզի թույլ չտանք Պուտինին գրավել Ուկրաինան: Ինչպես նաև՝ ես աշխատում եմ Գազայի պատերազմը դադարեցնելու համար»,- նշել է Բայդենը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունը կկայանա նոյեմբերի 5-ին: Ջո Բայդենն ընտրարշավից դուրս գալու մասին հայտարարել էր հուլիսի 21-ին: Դրանից հետո նա աջակցություն է հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին և հորդորել է Դեմոկրատական կուսակցության առաջիկա հավաքի ժամանակ նրան առաջադրել որպես միասնական թեկնածու:
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան