ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման շուտով կաջակցի փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում՝ չնայած մամուլում տարածված լուրերին, թե նախկին ղեկավարը չի հավատում ընտրություններում Հարիսի հաջողությանը։ Այդ մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրները։
Ըստ նրանց՝ Օբաման արդեն մասնավոր կարգով աջակցել է Հարիսին, իսկ հրապարակայնորեն դեռևս չի պաշտպանել փոխնախագահի թեկնածությունը, քանի որ չի ցանկացել, որ այդ լուրը «ստվերի» չորեքշաբթի նախագահ Ջո Բայդենի ուղերձը։ «Օբաման կանոնավոր շփվում է Հարիսի հետ և կարծում է, որ նրա քարոզարշավը լավ է սկսվել»,- նշում է լրատվական ծառայությունը:
Մի քանի աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահն արդեն սկսել է Հարիսին խորհուրդներ տալ նախընտրական շտաբի աշխատանքի վերաբերյալ։