Վենեսուելայի զինված ուժերը սկսել են իրականացնել «Հանրապետություն» օպերացիան, որը նախատեսում է անվտանգության միջոցառումների ուժեղացում հուլիսի 28-ին կայանալիք նախագահի ընտրության նախաշեմին՝ հաղորդում է վենեսուելական հեռուստատեսությունը։
Քվեարկության անվտանգությունը երաշխավորելու համար երկրի ամբողջ տարածքում կտեղակայվի ավելի քան 380 հազար զինվորական: Վենեսուելայի պաշտպանության նախարար Պադրինոն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը ընտրողներին երաշխավորում են ազատ և խաղաղ կամարտահայտություն։
Զինվորականները, մասնավորապես, կհսկեն Ազգային ընտրական խորհրդի շտաբը, նրա տարածքային մասնաճյուղերը, ընտրատեղամասերը, քաղաքային իշխանության շենքերը, ինչպես նաև քվեաթերթիկների պահեստավորման օբյեկտները:
Նախագահի ընտրությանը մասնակցում է տասը թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն։