Ռուսական բիզնեսը մեծ խնդիրների առաջ է կանգնել Կենտրոնական Ասիայի երկրների բանկերի միջոցով վճարումներ կատարելիս՝ գրում են լրատվամիջոցները:
Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի բանկերը սկսել են լրացուցիչ փաստաթղթեր և բացատրություններ պահանջել ռուսական ընկերություններից՝ տեղեկություններ հիմնադիրների, հաճախորդների, գործարքների և միջոցների աղբյուրների մասին՝ հայտնել է ПЭК ընկերության ֆինանսական տնօրեն Ռոման Ռոմաշևսկին: «Հաճախ վճարումները պարզապես հետաձգվում կամ վերադարձվում են առանց բացատրության, սպասարկող ռուսական բանկը չգիտի և չի կարող բացատրել, քանի որ խնդիրն առաջանում է արտասահմանում ստացող բանկի կողմից»,- նկատել է ֆինանսիստը:
Ռուսական կողմը բացատրում է, որ «բարեկամ երկրների» բանկերի միջոցով վճարումների հետ կապված խնդիրներն ի հայտ են եկել դեռևս 2023 թվականին, սակայն սրվել են 2024 թվականին՝ երկրորդական պատժամիջոցների աճող սպառնալիքի պատճառով։ Բանկերը մերժում են՝ չցանկանալով հայտնվել Ուկրաինայում ռուսական գործողությունների հետ կապված ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների տակ: