Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 25-ին այցելել է «Արմբազալտ» ՓԲԸ՝ ընկերության գործունեությանը ծանոթանալու նպատակով: Այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ «ԱրմԲազալտ» ՓԲԸ-ն 2014 թվականից ՀՀ-ում ներդրել է շարունակական բազալտի մանրաթելի և կոմպոզիտային նյութերի արտադրություն։ Ընկերությունն ունի ժամանակակից սարքավորումներ և առաջադեմ տեխնոլոգիաներ՝ շարունակական բազալտե մանրաթել արտադրելու համար: Այն արտադրում է բազալտե ռովինգ, բազալտե ամրաններ և ամրացնող ցանցեր, որոնք իրենց տեխնիկական բնութագրերով գերազանցում են մետաղական և ապակեպլաստե ամրաններին:
Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է ընկերության ստեղծման պատմությանը, արտադրական պայմաններին, բազալտե մանրաթելի հենքի վրա ստեղծված արտադրատեսակների նմուշներին և ընկերության առաջիկա ծրագրերին։