Հունգարիան, ըստ Եվրահանձնաժողովի, զգալիորեն հետ է մնում ԵՄ ժողովրդավարական չափանիշներից, հատկապես կոռուպցիայի, կաշառակերության և շահերի բախման դեմ պայքարի, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման և ԶԼՄ-ների անկախության հարցերում, նշված է ԵՄ անդամ երկրներում և դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ ունեցող մի շարք երկրներում օրենքի գերակայության վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում:
Հունգարիան, որը մինչև տարեվերջ նախագահում է ԵՄ Խորհրդում, հետևողականորեն քննադատության է ենթարկվում Եվրահանձնաժողովի՝ օրենքի գերակայության վերաբերյալ զեկույցներում։ Եվրահանձնաժողովը մի քանի դատական գործ է վարում Հունգարիայի դեմ՝ կապված օրենքի գերակայության բազմաթիվ խախտումների հետ։ Լյուքսեմբուրգում ԵՄ արդարադատության դատարանը հունիսին Հունգարիային պարտավորեցրել է զգալի տուգանք վճարել, քանի որ կառավարությունը խախտում է միգրացիայի և ապաստանի մասին եվրոպական օրենքները:
ԵՄ-ն սառեցրել է 30 միլիարդ եվրո ֆինանսական օգնությունը Հունգարիային՝ երկրում կոռուպցիայի իրական ռիսկի և Հունգարիայի դատարանների ոչ անկախ լինելու համար: Ավելի ուշ Եվրամիությունը համաձայնել է ապասառեցնել այդ գումարի մի մասը՝ Ուկրաինային հետագա ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից անհրաժեշտ համաձայնությունը ստանալու համար: