Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով)։
«Ուժի մեջ են նաև 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը։ Սամվելի անազատությունը տևեց ուղիղ 100 օր»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ:
Համացանցում տարածված տեսանյութից երևում էր, որ մի երիտասարդ փորձում է խոչընդոտել 69-ամյա պատգամավորին իջնել տրանսպորտից՝ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Միջադեպին անդրադարձել է Ազգային ժողովի նախագահը:
Ոստիկանությունը ձերբակալել էր պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակցին։