Հուլիսի 27-ին Գյումրիում կայանալիք «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին ընդառաջ, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի, մարզի համայնքների ղեկավարների, ուժային կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի պատասխանատունների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մազրպետի աշխատակազմից:
Կարևորելով փառատոնն առանց որևէ թերացման անցկացնելը՝ Շիրակի մարզպետը նշել է․ «Փառատոնը Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում անցկացնելը մեծ իրադարձություն է, վստահ եմ՝ այն կդառնա իրական տոն բոլորի համար, իսկ դրա համար պետք է բոլոր պատասխանատու կառույցների համագործակցված աշխատանք և պատասխանատու մոտեցում միջոցառման կազմակերպման հարցում»։
Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է կազմակերպչական հարցերին վերաբերող մանրամասներ, ծավալվել է ակտիվ քննարկում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տաղավարների տեղադրման, տուրիստական ուղղությունների, ճանապարհների անվտանգ երթևեկության, մարզի ազգաբնակչության և հյուրերի անվտանգության, հյուրերի տեղափոխման, մասնակիցներին բուժօգնության տրամադրման, տեխնիկական և մի շարք կազմակերպչական այլ հարցերի։
Նշենք, որ միջոցառման մեկնարկը տրվելու է ժամը 12։00-ին՝ Գյումրու Աբովյան փողոցից և տևելու է մինչև ուշ երեկո։
Համերգային ծրագիրը տեղի կունենա Գյումրու Վարդանանց հրապարակում։