Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը մասնակցել է «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում նոր կարգի հաստատման գործում» քննարկմանը, խոսել տարածաշրջանում Վաշինգտոնի վարած քաղաքականության մասին: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում իր հարևանների համար:
Քիմի խոսքով՝ Հայաստանն այլընտրանքներ է փնտրում, բայց դա չի նշանակում, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վատթարանում են: «Մենք ցանկանում ենք հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին՝ դիվերսիֆիկացնելու իր հարաբերությունները, ամրապնդելու անվտանգությունն ու տնտեսական բարգավաճումը, ինչպես նաև խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի հետ»,- նշել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Քիմը նշել է, որ ամերիկյան կողմը ցանկանում է լիարժեք հարաբերություններ ունենալ նաև Ադրբեջանի հետ, բացի էներգետիկ գործակցությունից՝ նպաստել այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի բարելավմանը:
«Նախագահ Ալիևը հիանալի հնարավորություն ունի նոյեմբերին կայանալիք COP 29-ի կլիմայական գագաթնաժողովի ժամանակ ներկայացնելու իր երկիրը: Նա պետք է որոշի, թե ինչ է ուզում ցույց տալ աշխարհին»,- հավելել է Քիմը:
Նա անդրադարձել է Վրաստանում զարգացումներին, մտահոգություն հայտնել, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը սխալ է և հակասում է Վրաստանի ժողովրդի ձգտումներին: «Վրաց ժողովրդի հետ մեր մտերմությունն անփոփոխ է, սակայն «Վրացական երազանք» կուսակցության հետ հարաբերություններն այն չեն, ինչ մենք կցանկանայինք»,- մանրամասնել է Յուրի Կիմը: