Կենտրոնացել ենք Հայաստանի հարավային կտորների ուղղությամբ տարվող աշխատանքների վրա, և առաջին կտորը, որտեղ շինարարություն կա, Հայաստան-Իրան սահմանից սկսած՝ Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածն է, որտեղ հիմա ակտիվ շինարարության փուլ է: Այդ մասին Կառավարության հուլիսի 25-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Այս պահին երևի Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214 մլն դոլար արժեքով: 32 կմ-ի 7 հատվածում հիմա տեղի են ունենում ակտիվ շինարարական աշխատանքներ: Այնտեղ կան կամուրջներ, տարբեր ենթակառուցվածքներ, թունելներ՝ մի քանի հարյուր մետրանոց, ավելի փոքր մասշտաբի թունելներ»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռ չկա Սիսիանից դեպի Արտաշատ հատվածի նախագիծ:
Ինչ վերաբերում է Գյումրիից դեպի Բավրա հատվածին, ապա այդ մասով երկու նախագիծ կա, որոնցից մեկը հիմա ակտիվ փուլում է: Մեկը Գյումրին շրջանցողն է, որտեղ կա որոշակի գործընթաց, իսկ Գյումրիից Բավրայի մասով դեռ պետք է քննարկել, թե որ փուլում, ինչ ստանդարտով, ինչպես պետք է կառուցվի, և նախագծային ինչ լուծումներ պետք է տրվեն: