Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա. մենք, պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել: Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է հետին թվով հրաման արձակել, որպեսզի ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա 3» տեսակի նռնակներ։
«Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե երբ են արվում փոփոխությունները: Որևէ հետին թիվ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասին, չեմ կարծում, որ այստեղ որևէ ինտրիգ կա. որոշումը բաց հրապարակված է»,- նշեց նա։
Արձագանքելով այն հարցին, թե ինչքանով է վնասակար դրա կիրառումը՝ նախարարն ասաց, «Ես չեմ դրա գնահատողը. կա մասնագիտական կառույց, որը, ելնելով թե՛ միջազգային փորձից, թե՛ տվյալ միջոցների կիրառման արդյունքում հնարավոր որևէ մարդու առողջությանը հասցված վնասի ռիսկերից, կայացնում է որոշում՝ ընդգրկելու տվյալ միջոցը մեր հրամանում, թե՝ չէ: Մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ այն, ինչ ընդգրկված է, համապատասխանում է ստանդարտներին»:
Ավանեսյանը նշեց, թե կապ չի տեսնում այդ որոշման փոփոխման և հունիսի 12-ի դեպքերի հետ։