Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագծին:
«Ծրագրով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի, որը շուրջ 7 կմ երկարություն կունենա, կառուցման և գոյություն ունեցող Մ2 ճանապարհի թունելին մոտեցումների 4 կմ կառուցման և վերակառուցման աշխատանքները: Թունելը նախագծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ապահովված կլինի լուսավորության, օդափոխության, հակահրդեհային ժամանակակից համակարգերով:
Արդիական լուծումներ են տրվել կապի, ազդանշանային համակարգերի, արտակարգ իրավիճակների կայանների, էլեկտրոնային ճանապարհային նշանների և ռադիոկայանների մոնիթորինգային այլ համակարգերի գործարկման համար: Թունելի երթևեկելի մասը կլինի ասֆալտբետոնե ծածկով, երկու գոտիով՝ 9 մետր լայնությամբ, ճանապարհի եզրերին կլինեն քայլուղիներ: Առաստաղին տեղադրված կլինի խողովակ, որը կապահովի համապատասխան ստանդարտներով օդափոխության համակարգի աշխատանք: Ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել: Գործող թունելից դեպի անվտանգության թունել կլինեն 14 վթարային ելքեր. դրանք միջինում 400 մետրը մեկ կլինեն: Այս թունելի կառուցման համար նախատեսված է վեց տարի ժամանակ և երկու տարի երաշխիքային ժամկետ: Թունելի կառուցման համար մենք նաև մեր իրավական-նորմատիվային դաշտում մի շարք փոփոխություններ կիրականացնենք և Հայաստանում թունելների պահպանման, շահագործման անվտանգության նոր կանոնակարգեր կմշակենք, որից էլ կբխի, որ մեր մնացած բոլոր թունելները պետք է այդ ստանդարտներին և կանոններին բավարարեն»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ վարկը, որի մասին խոսվում է, 200 մլն դոլար է, իսկ ՀՀ կառավարության մասնակցությունը 194 մլն դոլար է: «Այս ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհը կկրճատվի շուրջ 14 կմ-ով և 50 կմ/ժ արագության փոխարեն կանցնենք 80 կմ/ժ միջին արագության, տևողությունը կկրճատվի մոտ 40 րոպեով, ինչպես նաև ՀՀ ամենաբարձր՝ 2535 մ Մեղրու լեռնանցքն այլևս շահագործելու կարիք չի լինի, և ձմռան եղանակային պայմանները և ճանապարհային բարդությունները հաղթահարելու կարիք չի լինի»,- տեղեկացրեց Սանոսյանը: