Կառավարության հուլիսի 25-ի նիստին հաստատվեց «Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի՝ մոնիթորինգի կենթարկվեն ՀՀ-ում արտադրվող բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդային քանակները՝ հավաստելու, որ տեղական արտադրության բուսական ծագում ունեցող սննդամթերքը չի պարունակում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդային քանակներ և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, կամ որ վերջիններիս պարունակությունը չի գերազանցում ՀՀ օրենդրությամբ սահմանված մնացորդային քանակները: Որոշման նախագիծը գործադիրի նիստին ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքեց՝ նախագիծը կարևոր է 2 տեսանկյունից՝ բնակչության առողջության և մեր ապրանքների մրցունակության բարձրացման:
«Հիմա շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի բուսական ծագման ապրանքները, որոնք Հայաստանից դուրս են գալիս, ունենան բարձր որակ, մրցունակություն, և այդտեղ կարևոր է, որ մնացորդային նյութերի քանակը, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների քանակն այդ մթերքներում չլինեն սահմանված նորմայից բարձր»,- ասաց Պապոյանը: