Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:
«Նախագծով ևս մեկ անգամ ընդլայնում ենք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը»,- նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց՝ նախագծով նախատեսվում է, որ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից բարձրանում է մինչև 40 տարեկանը ներառյալ:
«Բացի դրանից՝ ընդլայնվում է նաև երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը: Եթե նախկինում սահմանվում էր, որ միայն սահմանամերձ բնակավայրերի մեր քաղաքացիներն իրավունք ունեն օգտվելու այս հնարավորությունից, հիմա այս սահմանափակումը դուրս է գալիս, և բոլորը կարող են օգտվել: Այսինքն՝ երկրորդային անպտղության հետ կապված խնդիրները ևս արդեն թիրախային կերպով հասցեագրվում են մեր կողմից»,- ասաց նախարարը:
Միաժամանակ արդեն կարգավորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության տրամադրման կարգը: «Մինչև օրս էլ նրանք օգտվում էին այս ծրագրից, բայց անհատական հրամանների շրջանակներում հիմա նրանք արդեն հավասար կերպով ընթացակարգային առումով կօգտվեն Կառավարության ընձեռած այս հնարավորություններից»,- տեղեկացրեց նա:
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ բավական լավ ցուցանիշեր են առկա ծրագրում ընդգրկվածության առումով: «Ծրագիրը պիլոտային կարգով սկվել է 2019 թվականին և շարունակվելով 2020 թվականին՝ ընդամենը 49 բալիկ ենք ունեցել, 2021 թվականին` 76, 2022 թվականին՝ 128, 2023 թվականին՝ 159, և 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին արդեն 271 երեխա է ծնվել: Նման կտրուկ աճ ունենք նաև հղիների, ինչը նշանակում է, որ առաջիկայում ծնված բալիկների թիվը կմեծանա»,- ասաց առողջապահության նախարարը: