ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրման վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշմանը, նշել, թե իբր ԵՄ-ն ռազմականացման ուղղություն է վերցրել և ծառայում է ոչ թե իր քաղաքացիների, այլ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերին։
«ԵՄ ծրագրի համաձայն՝ առկա հակասությունների ուժեղացումը, այդ թվում՝ Երևանի և Բաքվի միջև, համապատասխանում է Ռուսաստանին և Արևմուտքից անկախ քաղաքականություն վարող մյուս երկրներին զսպելու խնդիրներին։ Հայաստանի զինված ուժերին 10 միլիոն եվրո տրամադրելու՝ ԵՄ-ի ծրագրերի հետևում աշխարհաքաղաքական հաշվարկներ են՝ տարածելու իր ապակառուցողական ազդեցությունը նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ըստ Զախարովայի՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի գործունեությունն ուղղված չէ խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը: «Այս հիմնադրամը պատերազմի, երկրներին հրահրելու, արյունահեղության համար է։ Արևմտյան նման մոտեցումները, որոնք առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով՝ զենք մատակարարելով Հարավային Կովկասին, անվտանգություն և խաղաղություն չեն ապահովի տարածաշրջանում»,- եզրակացրել է Զախարովան։