Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է 2030 և 2034 թվականների ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի անցկացման վայրերը՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Որոշումն ընդունվել է չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, Փարիզում կայացած ՄՕԿ-ի նստաշրջանում քվեարկությունից հետո:
Ակնկալվում է, որ Ֆրանսիայում ձմեռային մարզաձևերի մրցումներ կանցկացվեն ֆրանսիական Ալպերի տարբեր վայրերում, իսկ սառույցի մրցումները՝ Նիսում Լազուրե ափին։ ԱՄՆ-ում 2034 թվականի օլիմպիական խաղերի անցկացման վայրը պետք է լինի Սոլթ Լեյք Սիթին, որտեղ 2002 թվականին արդեն անցկացվել են ձմեռային խաղեր։
ՄՕԿ-ի պահանջների համաձայն՝ Ֆրանսիայի կառավարությունը դեռ պետք է երաշխիքներ տրամադրի օլիմպիական խաղերի համար, ինչպես նաև համաձայնագիր ալպյան երեք շրջանի՝ Էվիանի, Ռոն-Ալպերի և Պրովանս-Ալպերի իշխանությունների հետ մրցույթի կազմակերպման վերաբերյալ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը նույնպես մասնակցել է ՄՕԿ-ի նիստին, խոստացել է, որ բոլոր պարտավորությունները կկատարվեն։
Ֆրանսիան չորրորդ անգամ է ընդունելու ձմեռային օլիմպիական խաղերը։ Նախորդներն անցկացվել են 1924 թվականին՝ Շամոնիում, 1968-ին՝ Գրենոբլում և 1992 թվականին՝ Ալբերվիլում։
Ֆրանսիան այժմ ավարտում է 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի վերջին նախապատրաստական աշխատանքները։ Փարիզում խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին։