ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի Արին Բերդի 14 հասցեում շահագործվող բենզալցակայանի, հեղուկ ածխաջրածնային գազի լցավորման կայանի և նավթամթերքի պահեստարանի նկատմամբ։
Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել նաև Արմավիրի մարզի Գայ բնակավայրի գյուղամթերքի մեծածախ առևտրի շուկայի հարակից տարածքում Ford Transit 2.5D մակնիշի տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի արդյունքում պարզվել է, որ նշված տրանսպորտային միջոցի բեռնախցիկում, ինչպես նաև ավտոմեքենային կից տարածքում տեղադրված՝ թվով 2 հատ, յուրաքանչյուրը՝ 2000 լիտր տարողությամբ, պլաստիկե տարայի միջոցով իրականացվում է դիզելային վառելիքի վաճառք։
Արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են, որ «Բեսթ ինվեստ» ՍՊ ընկերությանը պատկանող կազմակերպության կողմից շահագործվող վերոնշյալ արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) հանդիսացող շարժական լցակայանը՝ որպես ԱՎՕ, սահմանված կարգով գրանցված չէ ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։
Նշված երկու օբյեկտներում էլ արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։