Մեկնարկել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունման փուլը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով և ուղղված է երիտասարդ (մինչև 35 տարեկան) գիտաշխատողներից բաղկացած գիտահետազոտական խմբերի հետազոտություների աջակցությանը:
Նախագիծը մշակում և իրականացնում է 2-4 անդամից բաղկացած գիտահետազոտական խումբը, որը կազմված է խմբի ղեկավարից և կատարողներից։
Խմբի ղեկավարը պատասխանատու է խմբի կազմավորման և նախագծի իրականացման հաջող ընթացքի համար: Խմբի անդամները հայտ ներկայացնելու փուլում կարող են լինել ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, իսկ նախագծի իրականացման ընթացքում պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ ռեզիդենտներ և բնակվեն ՀՀ-ում:
Խումբը պետք է ունենա նաև օտարերկրյա գործընկեր։
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.hesc.am):
Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2024 թ․ օգոստոսի 30-ն է:
Ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ֆինանսավորման մեկնարկը նախատեսվում է 2025թ․ հունվար ամսից։
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության հետազոտական ծրագրերի բաժնից՝ զանգահարելով 010-210-140 (*113):
Մրցույթի հրավերի փաթեթն՝ այստեղ: