«Վեոլիա ջուրը» մոտավորապես 9-10 մլրդ դրամ վարձավճար է տալիս Կառավարությանը պետական գույքը՝ խողովակների ցանցը, օգտագործելու համար: ՀԾԿՀ-ն ամեն տարի մոտ 3-4 մլրդ դրամ հատկացնում է «Վեոլիա ջրին» ներդրումային ծրագրերի համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ միաժամանակ նշելով, որ միայն մայրաքաղաքում բոլոր խնդիրները լուծելու համար 3-4 մլրդ դրամը քիչ է:
Ավինյանը կարծում է՝ պետք է մեծ քանակով կոյուղատարներ կառուցել և ջրի կորստով հատվածներում համապատասխան ներդրումներ իրականացնել:
«Գայթակղությունը մեծ է՝ ասելու՝ ա՛յ «Վեոլիա ջուր», դու ես միակ մեղավորը, բայց դա միակ ճշմարտությունը չի լինելու: Ճշմարտությունն այն է, որ պետք է ավելի մեծ ծավալով ներդրումներ իրականացնել այդ հնամաշ կոյուղագծերը (բոլորը բարոյապես մաշված են, որտեղ կպնում ես, տրաքում է), պետք է գումար դնել, այդ աշխատանքներն անել»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ իր ասածը, այդուամենայնիվ, թող արդարացում չհնչի հօգուտ «Վեոլիա ջրի», քանի որ ընկերությունը կարող է ավելի լավ աշխատել:
Ավինյանը նաև նշեց, որ տարեկան հավելյալ մոտ 10 միլիարդ դրամ է հարկավոր հանրապետության ամբողջ ցանցում ներդրումներ անելու համար, նաև նշեց, որ այս մասով Կառավարության հետ քննարկում կա:
«Քննարկումների հիմնական տրամաբանությունն այն է, որ այդ վարձավճարը («Վեոլիա ջրի» 9-10 մլրդ ամենամյա վճարումը Կառավարությանը - խմբ.) ուղղվի դեպի ներդրումներ»,- ասաց Ավինյանը: