Այս տարի Երևանի քաղաքապետարանն իր ֆինանսավորմամբ իրականացնում է 500 վերելակի փոխարինում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս տեմպը պահպանելով՝ մենք մինչև հաջորդ նախընտրական շրջանն ամբողջապես մեր խոստումն իրականացրած կլինենք, այսինքն՝ Երևան քաղաքում այդ հնամաշ վերելակներից չի մնա»,- ասաց նա:
«Լուրերի» լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք գո՞հ է նոր վերելակների որակից, քանի որ շատ խնդիրներ կան՝ սկսած մոնտաժից մինչև դրանց պահպանում: Ավինյանը նշեց, որ ամեն ինչ համեմատության մեջ պետք է նայել:
«Վերելակի ծրագիրն ամենաէժան ծրագիրը չէ, մենք ամեն վերելակի վրա միջինացված ծախսում ենք 10 մլն դրամ, այսինքն՝ մոտ 5 միլիարդը մեր 64 միլիարդանոց բյուջեից մենք ծախսում ենք վերելակների փոխարինման վրա, որովհետև հասկանում ենք, որ դա անվտանգության խնդիր է: Համարյա 10 տոկոսը մեր սեփական եկամուտների մենք ծախսում ենք էլի ոչ մեր գործառույթի վրա. դա օրենքով համատիրության տակ գտնվող գործառույթ է, բայց նաև հասկանում ենք, որ այդ համատիրությունը չի գործում»,- ասաց նա:
Ավինյանը նաև ընդգծեց, որ առաջարկվում է «Համատիրությունների մասին» նոր օրենք, որը «կրակ հանգցնելու» տրամաբանությունից կտանի համակարգ ստեղծելու տրամաբանություն, և ամեն մի կառույց կկարողանա իր լիազորությունն իրացնել համապատասխան ֆինանսավորմամբ: