Տոմսային նոր համակարգին անցումը տեղի է ունենալու հունվարի 1-ից, և այս շրջանում մենք տոմսային համակարգի ներդրման փորձարկման շրջանում ենք, և այդ տոմսային համակարգի ներդրման հետ կապված խնդիրներն ենք վեր հանում ու լուծում՝ մինչև ամբողջական համակարգի ներդրումը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Տարբեր հատվածներում նաև ունենալու ենք հնարավորություն՝ տերմինալների միջոցով տոմսեր գնելու:
Շուտով ունենալու ենք հնարավորություն նաև բանկային քարտի միջոցով ուղիղ՝ NFC համակարգի օգնությամբ տոմսը միանգամից գնելու կամ դրա փոխարեն վճարում անելու:
Ունենալու ենք նաև տոմսային քարտերի հնարավորություններ, և մենք ուզում ենք, որ այս ամբողջական համակարգը պատրաստ լինի, որպեսզի վստահ լինենք, որ այս ամենն աշխատում է, բոլոր խնդիրները լուծված են, և հունվարի 1-ից նոր համակարգն արդեն իսկ ներդրվի»,- ասաց Ավինյանը:
Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցին, ապա, ըստ Ավինյանի, նոր համակարգը նոր տրամաբանություն ունի, այն է՝ մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գուցե ավելի էժան լինի, իսկ մարդիկ, որոնք ավելի քիչ են օգտվում, նրանց համար կարող է մի փոքր ավելի թանկ լինել:
Տիգրան Ավինյանը նաև ընդգծեց՝ այս պահին դեռ դժվարություններ կան նոր համակարգի ներդրման առումով, բայց նաև վստահ է՝ միասնական տոմսային համակարգն էական բարեփոխում է լինելու: